«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՎԵՊ Է, ՈՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ, ՎԵՊԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ» Էդմոն Գոնկուր

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՎԵՊ Է, ՈՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ, ՎԵՊԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ»   Էդմոն Գոնկուր
05.11.2010 | 00:00

Օրերս գրողների միությունում նշվեց դերասանուհի, արձակագիր ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ «Անհետացում» գրքի շնորհանդեսը: Գիրքն այս տարի արժանացել էր «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակին:
Հայտնի դերասանուհի Անահիտ Թոփչյանը Ցյուրիխ-Երևան երթուղու օդանավի թռիչքից հաշված րոպեներ առաջ անհետանում է: Օդանավը մեկնում է առանց նրա` մտահոգություն պատճառելով Շվեյցարիայի իրավապահ մարմիններին: Եվ դա սովորական անհետացում չէ: Վիրաբույժ դոկտոր Տեսիեի առաջարկով` դերասանուհին կերպարանափոխվում է, երիտասարդանում տասը-տասնհինգ տարով: Ամենահետաքրքիրն առջևում է: «Անհետ կորած» դերասանուհին հայրենիք է գալիս դոկտորի կնոջ փոխարեն, իբրև Եվրոպայի ներկայացուցիչ` հայրենիքում կատարվող քաղաքական խնդիրներին լուծում տալու, իսկ խնդիրների կենտրոնում նրա ամուսինն է:
Այսպիսին է անհավանական, հոգեվերլուծական, քաղաքական նուրբ երանգներ ենթադրող «Անհետացում» վեպի սյուժեն: Վեպի վերջում հերոսուհին դարձյալ գնում է դեպի «անհետացում»:
«Հայ թատրոնի պատմության մեջ իր ուրույն տեղը հաստատած դերասանուհին 90-ականներին «անհետացավ» թատերական աշխարհից, որպեսզի ներս մտներ գրականության շքամուտքից: Անահիտ Թոփչյանի մեկնումը Հայաստանից շատ տարակուսանքների տեղիք տվեց. սակայն դա մի առանձին էպոպեա է»,- իր խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:
Բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը, որը վարում էր ցերեկույթը, նշեց, որ վեպում երկխոսությունների միջոցով հերոսներն առաջ են տանում քաղաքական ժամանակը: «Քաղաքական իրավիճակների հեղեղ է այստեղ: Վեպում հերոսը թողել է բեմը, որտեղ խաղում էր, հիմա էլ կյանքի բեմի վրա է խաղում: Նա ուրվական է իր Հայաստանում, ինքը ինքը չէ, ընկել է մի միջավայր, որ պետք է տեսնի, քննի, և շատ բան ցավ է պատճառում նրան, որովհետև չկա այն ռեալությունը, որի մեջ նա «ինքն էր»: Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի կարծիքով` Անահիտ Թոփչյանի գրականությունը մրցունակ է արտասահմանյան բեսթսելլերների հետ, գուցե և ավելին է: Նրա գրականությունը և՛ համամարդկային է, և՛ ազգային: Խոսելով դերասանական և կանացի անհատականության մասին, նա հիշատակեց հեռուստաթատրոնում Անահիտ Թոփչյանի մարմնավորած Հեղինեի դերը: «Դժվար է կատարել այդպիսի դեր և համոզել, որ դու այնքան գեղեցիկ ես, որ կարող է Ագամեմնոնը բանակներ վերցնել ու գալ Տրոյայի դեմ պատերազմի: Այդ պատիվը տրվել էր Անահիտին»: Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանն Անահիտ Թոփչյանին ճանաչել է ուսանողական տարիներից: «Համալսարանում չէին պատկերացնում, թե կարող է մեկը լինել ավելի գեղեցիկ»,- ասաց նա: Խոսելով դերասանուհու գրական կյանքի մասին, Ավիկ Իսահակյանը նշեց. «Դերասանական արվեստին տիրապետող մարդու արձակն ինքնին շատ հետաքրքիր երևույթ է»:
Շատերն Անահիտ Թոփչյանի հերոսներին նույնացնում են հեղինակի հետ: «Եթե այդ բոլորը ես եմ, ապա ո՞վ եմ ես,- հակադարձեց Անահիտ Թոփչյանը:- Կերպարներ ստեղծելիս դու քո «ես»-ն օգտագործում ես կերպարը հարստացնելու համար, մասնակցում ես իրադարձություններին, մի մասն ես դառնում կերպարի: Դու անցնում ես նրա միջով, նա` քո, և չես կարող սխալվել, ֆալշ չկա, ոչինչ հնարված չէ: Ալեհավաքի պես տիեզերքից ես վերցնում, մարդկանցից, կյանքից և, ի վերջո, քո երևակայությունից»:
Անահիտ Թոփչյանն ընթերցողին ծանոթ է նաև «Lady S.D.F.», «Հայելի» գրքերով: Նրա «Հայելի» ժողովածուն ընդգրկված է բուհերի արդի հայ գրականության ուսումնական ծրագրում:
Անահիտ Թոփչյանին եկել էին շնորհավորելու նաև նրա դերասանական արվեստի երկրպագուները: «Հոգու ճիչ» ամսագրի խմբագիր Գայանե Ղազարյանը խոստովանեց, որ երազել է երբևէ ծաղիկներ նվիրել սիրելի դերասանուհուն, երազել է երբևէ նմանվել նրան, իսկ հուշատետրում մեծի ձեռագրով կեղծել է` իբր հանդիպել է Անահիտ Թոփչյանին և նա պատիվ է արել գրառում անելու: «Ի՞նչ կարող ենք անել, որ Դուք դարձյալ բեմ վերադառնաք». եղան նաև այսպիսի առաջարկներ: Իսկ ակադեմիկոս Արմեն Գալոյանը նկատեց, որ հայ բեմն աղքատացել է Անահիտ Թոփչյանի բացակայությունից: ՈՒշագրավ է, որ, որպես կանոն, նմանատիպ միջոցառումների ժամանակ հանդիսատեսը, լրատվամիջոցները մեծ թիվ չեն կազմում, նույնիսկ բավարար էլ չեն: Գրողները նույնպես չեն հետաքրքրվում մեկը մյուսի գործերով: Հաջողություններով: Օսկար ՈՒայլդի խոսքերը հիշեցի` ես քիչ եմ գրում, որովհետև շատ եմ կարդում: Մեր գրողները, հավանաբար, ավելի բազմազբաղ են: Իսկ «Անհետացում» գրքի շապիկին կարդում ես. «Շնորհակալ եմ իմ բարեկամներին և, հատկապես` չարակամներին, որ ստիպեցին ինձ այս վեպը գրել…»: «Մեզ փորձում են անհետացնել, բայց մենք չենք անհետանում»,- ասաց օրվա հերոսուհին։ Անհետացումը դարձել էր օրվա խորհուրդը: «Չարակամների» բացակայությունից շնորհանդեսը վերածվել էր անկեղծ խոսք ու զրույցի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2634

Մեկնաբանություններ